Բրազիլացի գիտնականները վերլուծել են Ապոֆիս աստղակերպի անմիջական մերձակայքի մակերեսային հատկությունները եւ դինամիկան, երբ այն Երկրի կողքով շատ մոտ անցնելիս կլինի 2029թ․, հայտնում է Monthly Notices of the Royal Astronomical Society-ն։

Ապոֆիս աստղակերպը հայտնաբերվել է 2004թ․ եւ այդ ժամանակվանից ուշադիր վերահսկվում է, քանի որ ի սկզբանե այն դասակարգվել է որպես Երկրի համար պոտենցիալ վտանգավոր օբյեկտ։ Մոլորակի հետ դրա բախման հավանականությունը գնահատվել է 2 տոկոս: Ներկայում նման հնարավորությունը գործնականում բացառված է, եւ, ըստ վերջին տվյալների, Ապոֆիսը Երկրին կմոտենա 38 000 կմ-ից ոչ ավելի, եւ դա տեղի կունենա 2029թ․ ապրիլի 13-ին։

Նոր հետազոտությունը վերլուծում է այս երկնային մարմնի ֆիզիկական բնութագրերը եւ Երկրին մոտենալու հնարավոր հետեւանքները։ Հոդվածի հեղինակներից մեկը՝ Մադրիդի Կառլոս III-ի անվան համալսարանից Գաբրիել Բորդերես-Մոտտան, բացատրում է, որ երկու օբյեկտների ուղղակի բախումը միակ սպառնալիքը չէ նման դեպքերում։ Մոլորակի եւ Ապոֆիսի նման մեծ երկնային մարմնի գրավիտացիոն փոխազդեցությունը կարող է փոխել վերջինիս ձեւը, մասերի բաժանել այն, մակերեսից պոկել ժայռերը եւ նույնիսկ շպրտել աստղակերպի շուրջը պտտվող այլ մարմինները: Թիմը բազմաթիվ մոդելավորումների միջոցով փորձել է կանխատեսել, թե ինչպես կվարվեն այդ մարմինները՝ ի պատասխան արտաքին գրգռիչների:

Այս մոդելավորումից եզրակացություն է արվել, որ եթե Ապոֆիսը բավականաչափ ցածր խտություն ունի, ապա վատ ամրացված քարերի մոտավորապես 90 տոկոսը կարող է լքել դրա մակերեսը Երկրին մոտենալու ժամանակ եւ անկանխատեսելի կերպով ցրվել շրջակա տարածության մեջ: Բացի այդ, մոդելավորման արդյունքները ցույց են տվել, որ Ապոֆիսի մոտենալը կարող է աննշան ուժգնության մակընթացություն առաջացնել Երկրի վրա, իսկ մյուս կողմից՝ սողանքներ առաջացնել աստղակերպի մակերեւույթին։