Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին խորհուրդ է տվել գազը համատեղ գնել՝ մատակարարումները մեծացնելու համար, սակայն զգուշացրել է, որ մեծածախ գները սահմանափակելու ձգտումը խնդիրներ կառաջացնի եւ կխափանի մաքուր էներգիային անցնելու ջանքերը, հաղորդում է Reuters-ը:
Մայիսին Եվրահանձնաժողովը ռուսական հանածո վառելիքի օգտագործումից մինչեւ 2027թ․ հրաժարվելու մանրամասն ծրագիր կներկայացնի:
Միաժամանակ երկրները փորձում են ուղիներ որոնել՝ էլեկտրաէներգիայի աճող հաշիվները արագորեն զսպելու եւ ռուսական հոսքերի խափանումների դեպքում այլընտրանքային աղբյուրներ գտնելու համար։
Բրյուսելը չորեքշաբթի դրա համար մի շարք տարբերակներ է առաջարկել, որոնք ԵՄ առաջնորդները կքննարկեն մարտի 24-25-ը կայանալիք գագաթաժողովում։
Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել, որ ԵՄ երկրները գազը համատեղ գնեն մատակարարներից՝ հետեւելով այն մոդելին, թե ինչպես էր դաշինքը COVID-19-ի դեմ պատվաստանյութեր գնում՝ Հանձնաժողովի ղեկավարությամբ բանակցողների աշխատանքային խմբի հետ:
ԵՀ-ն դիտարկել է այլ տարբերակներ, ինչպիսիք են գների սահմանափակումը, որը ԵՄ առաջնորդների գագաթաժողովի նախաշեմին առաջարկել են Իսպանիան եւ Բելգիան:
Տարբերակներից մեկը կարող է լինել պետական վերահսկողության տակ գտնվող կազմակերպության կողմից էլեկտրաէներգիայի գնումը եւ այն որոշակի բաժանորդներին շուկայականից ցածր գներով վաճառելը: Մյուսը կարող է լինել էլեկտրաէներգիայի գների սահմանափակումը եւ արտադրողներին տարբերության փոխհատուցումը: Սակայն եթե երկրները դա առանձին-առանձին անեն, հետեւանքը կարող է լինել այն, որ էլեկտրաէներգիան առանց սահմանափակումների կմատակարարվի երկրներին եւ մատակարարման խնդիրներ կառաջացնի այլ տեղերում:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի գների սահմանափակումը կարող է նաեւ խափանել վերականգնվող էներգիայի նոր արտադրության մեջ ներդրումների հնարավորությունը, մինչդեռ վառելիքի գների սահմանափակումը հանածո վառելիք արտադրողներին ավելի մրցունակ կդարձնի: Նման միջոցառումների փոխհատուցումը նաեւ մեծ պետական ֆինանսավորում կպահանջի:
Հանձնաժողովն առանձին առաջարկել է օրենք, որը պահանջում է ԵՄ երկրներից մինչեւ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը առնվազն 90 տոկոսով լցնել իրենց գազի պահեստները՝ սկսած 2023-ից, եւ 80 տոկոսով՝ այս տարի: Դրա համար կպահանջվի ԵՄ երկրների եւ Եվրախորհրդարանի հավանությունը։





























