Բաքվում մի խումբ երիտասարդներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել Ադրբեջանում Չինաստանի դեսպանատան առջեւ` ի նշան բողոքի Սինցզյան-ույղուրական ինքնավար մարզում Պեկինի վարած քաղաքականության դեմ, հայտնում է «Ազադլըգ» ռադիոկայանը:

Ժամը 12:00 սահմաններում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել Չինաստանի դեսպանատան մոտ, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել նրանց մոտենալ շենքին` հեռացնելով դեպի հարակից փողոցներ: Երթի ընթացքում երիտասարդները հնչեցրել են ույղուրներին քաջալերող, մարզի կենտրոն Ուրումչիում ույղուրների դեմ կիրառվող խտրականությունների եւ ճնշումների դեմ ուղղված կարգախոսներ: