ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները մարտի 24-ին կայանալիք գագաթաժողովի շրջանակում դաշինքի արեւելյան թեւում՝ Բուլղարիայում, Հունգարիայում, Ռումինիայում եւ Սլովակիայում ուժերն ամրապնդելու շուրջ համաձայնության կգան։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է Reuters-ը։
«Ակնկալում եմ, որ առաջնորդները կհամաձայնեն ամրապնդել ՆԱՏՕ-ի դիրքերը՝ միաժամանակ ընդլայնելով դաշինքի արեւելյան հատվածը ցամաքում, օդում եւ ծովում»,- ասել է նա։
Նա նշել է, որ Բալթյան երկրներում եւ Լեհաստանում նոր մարտական խմբերով եւ գործող ուժերով դաշինքի արեւելյան թեւի երկայնքով ՆԱՏՕ-ն կունենա ութ բազմազգ խմբավորումներ։ Սթոլթենբերգն ասել է, որ ուկրաինական ճգնաժամը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն պետք է վերանայի իր զսպման եւ պաշտպանական դիրքերը երկարաժամկետ հեռանկարում:





























