Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանին եւ Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցին, ՇՀԿ անդամ պետություններն ակտիվորեն ուսումնասիրում են հարցը»,- ասել է նա։

«Այդ առումով անձամբ ես լավատեսորեն եմ տրամադրված՝ չնայած տվյալ պահին չեմ կարող հստակ ժամկետ նշել»,- հավելել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ երկու երկրների միջեւ հարաբերությունները, իհարկե, կարեւոր գործոն են, որը պետք է հաշվի առնել։

«Միաժամանակ, ՇՀԿ անդամները համակարծիք են, որ չպետք է երկկողմ հակասություններ ներդնել կազմակերպությունում։ Սա պարտավորություն է, որը պետք է կատարի ցանկացած երկիր, որը հավակնում է դառնալ ՇՀԿ անդամ»,- հավելել է Չժան Մինը։

ՇՀԿ-ի ստեղծման մասին հռչակագիրը ստորագրվել է Շանհայում 2001թ․ հունիսին Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կողմից։ 2017թ․ ՇՀԿ լիիրավ անդամ են դարձել Հնդկաստանն ու Պակիստանը։