Էստոնիայի կառավարությունը որոշել է լրացուցիչ 476 մլն եվրո հատկացնել ազգային պաշտպանության ամրապնդման եւ 86 մլն եվրո՝ հակաճգնաժամային գործունեության համար։

«Այսօր, Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մեկնարկի հետ մեկտեղ կառավարությունը հաստատել է Էստոնիայի ազգային պաշտպանությունը ավելի քան կես միլիարդ եվրոյով ուժեղացնելու մեր համաձայնությունը»,- ասել է վարչապետ Կայա Կալլասը:

Նրա խոսքով, այդ միջոցները, հաշվի առնելով 380 մլն եվրոն, որը Էստոնիայի իշխանությունները հունվարին հատկացրել են պաշտպանությանը, առաջիկա չորս տարիների ընթացքում պաշտպանական ծախսերի մակարդակը կբարձրացնեն մինչեւ ՀՆԱ-ի միջինը 2,5 տոկոս:

Վարչապետը հստակեցրել է, որ եւս 86 մլն եվրո կհատկացվի այն միջոցառումների լրացուցիչ ֆինանսավորման համար, որոնք կօգնեն հասարակությանը ավելի լավ պատրաստվել ճգնաժամային իրավիճակներին։ Այդ միջոցների մի մասը կուղղվի Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված ներքին անվտանգության ապահովմանը, մի մասը՝ բնակչության պաշտպանությանը:

Պաշտպանության նախարար Կալլե Լաանետը հավելել է, որ հավելյալ 476 մլն եվրոյի հաշվին կուժեղացվեն պաշտպանության վեց ուղղություններ, որոնք կապված են կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության, հակատանկային պաշտպանության, փակ դիրքերից կրակի, իրավիճակի իրազեկման, դաշնակիցների ենթակառուցվածքի եւ կամավորական ռազմականացված «Կայտսելիյտ» կազմակերպության հետ: