Վերջապես, պետք է հասկանալ, որ Հայաստանը, որպես պետություն, եւ հայ ժողովուրդն ամբողջությամբ պարտավոր են պաշտպանել իրենց հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը Ղարաբաղում։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 24-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

ՀՀ ներկայիս ղեկավարության մոտեցումները, ըստ պատգամավորի, խիստ տարբերվում են պետության առջեւ դրված խնդիրներից: Իշխանությունը, Աբրահամյանի խոսքով, պետք է համալիր ծրագրեր ունենա, քանի որ չլուծված խնդիրները կարող են երկու լուրջ հետեւանքի հանգեցնել: «Դա կա՛մ Ղարաբաղից հայերի տեղահանությունն է, կա՛մ՝ նոր պատերազմը։ Մեր շուրջ եւ մեր մասնակցությամբ տեղի ունեցող գործընթացները կարող են ռազմական գործողությունների վերսկսման իրական վտանգ ստեղծել։ Մի բան է, երբ բանակցում ես պատերազմը կանխելու համար եւ մեկ այլ բան է, երբ անվտանգության ու պետական ​​կառավարման համակարգերը նախապատրաստում ես հնարավոր բացասական հետեւանքներին։ Իսկ մեր պետության խնդիրն է պայմաններ ստեղծել ծագած խնդիրների լուծման համար՝ ստեղծված իրավիճակի այս կամ այն ​​զարգացումից կախված»,- ընդգծեց Աբրահամյանը։