Այս պայմաններում ցանկացած փաստաթուղթ, որը կստորագրվի Ադրբեջանի հետ, ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ հերթական կապիտուլյացիա կդառնա։ Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորի խոսքով՝ դրա հաստատումն են Ադրբեջանի կողմից հնչեցված եւ 5 կետից բաղկացած առաջարկները, ինչպես նաեւ դրան հաջորդած ագրեսորի գործողությունները։ «Ստեղծված իրավիճակի ողբերգությունը նրանում է, որ գործող իշխանությունը խաղաղության դարաշրջան բացելու կարգախոսի ներքո իրականում դժոխքի, կորուստների եւ քաոսի դարաշրջան է բացելու ժողովրդի եւ երկրի համար»,- ընդգծեց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ընդդիմությունը դեմ չէ խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։ Հակառակը, այն դա իր նպատակն է համարում։ Սակայն այդ նպատակի ձեռքբերումը Հայրենիքից զրկվելու գնով արդեն ոչ թե խաղաղություն, այլ նոր ու վերջնական կապիտուլյացիա է:





























