Բուլղարիայի խորհրդարանը չեղարկել է «ոսկե անձնագրերի» սխեման, որը թույլ էր տալիս հարուստ օտարերկրացիներին Եվրամիության երկրների քաղաքացիություն գնել մեկ միլիոն լեւի (562 366 դոլար) ներդրման դեպքում, հայտնում է Reuters-ը։
Եվրահանձնաժողովի լայնածավալ քննադատությունից հետո երկրի օրենսդիրները չեղյալ են համարել այն սխեման, որով ավելի քան 100 օտարերկրացիներ, հիմնականում Ռուսաստանից, Չինաստանից եւ Մերձավոր Արեւելքից, 2013-ից հետո ստացել են անձնագրեր, որոնք թույլ են տալիս մուտք գործել ԵՄ բոլոր երկրներ:
Այս քայլը նախաձեռնվել է օրեր այն բանից, երբ Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ արեց մինչեւ 2025թ․ արգելել «ոսկե անձնագրերի» սխեման եւ անհապաղ դադարեցնել ներդրումների դիմաց վիզաների եւ անձնագրերի տրամադրումը հարուստ ռուսաստանցիներին:
Հաստատված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ Բուլղարիան կչեղարկի սխեմայով ընթացիկ դիմումները, իսկ անվտանգության գործակալությունը կվերանայի արդեն տրված քաղաքացիությունը, որպեսզի ստուգի, թե արդյոք դրա չեղարկման հիմքեր կան։
Բրյուսելը 2019-ից Բուլղարիային, ինչպես նաեւ Կիպրոսին եւ Մալթային հորդորում է դադարեցնել անձնագրերի վաճառման սխեմաները՝ ասելով, որ դրանք ԵՄ-ին ենթարկում են անվտանգության, կոռուպցիայի եւ հարկերից խուսափելու հետ կապված ռիսկերի:
«Օրենսդրական փոփոխություններով Բուլղարիան վերջնականապես կվերացնի ներդրումներով քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, այսպես կոչված, «ոսկե անձնագրերը»,- ասել է Սոցիալիստական կուսակցությունից պատգամավոր, իշխող կոալիցիայի անդամ Կրում Զարկովը։





























