Գերմանիայի կոմունալ ծառայությունները զգուշացնում են ռուբլու վճարման պահանջի պատճառով գազային ճգնաժամի մասին։ Գերմանիային անհրաժեշտ է վաղ նախազգուշացման համակարգ՝ գազի ներմուծման մոտալուտ վատթարացման նշանների ֆոնին։ Այս մասին հայտնել է BDEW կոմունալ ծառայությունների ասոցիացիան մեկ օր անց այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարել է, որ ռուբլով վճարումներ է պահանջում «ոչ բարեկամական» երկրներում գազի վաճառքի դիմաց, հաղորդում է Reuters-ը:
«Կան կոնկրետ եւ լուրջ նշաններ, որ գազամատակարարման իրավիճակը մոտ է վատթարացմանը»,- ասել է BDEW-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պահանջը:
BDEW-ը հայտարարել է, որ էներգետիկայի ազգային կարգավորիչը՝ Bundesnetzagentur-ը, պետք է սահմանի չափանիշներ, որոնց համաձայն՝ արդյունաբերությունները եւ ոլորտները կշարունակեն մատակարարումներ ստանալ, մինչդեռ կենցաղային սպառողները պաշտպանված կլինեն՝ գործող կանոնակարգերին համապատասխան։
Գերմանիայի 41,5 միլիոն տնային տնտեսությունների կեսը ջեռուցվում է բնական գազով, եւ արդյունաբերությանը բաժին է ընկնում 2021թ․ 100 միլիարդ խորանարդ մետր ազգային պահանջարկի մեկ երրորդը: Երկիրը ռուսական գազի ամենամեծ սպառողն է։
BDEW-ը ներկայացնում է գազա-, էլեկտրա- եւ ջրամատակարարման 1900 օպերատոր:
Ամբողջ Եվրոպայում էներգետիկայի ոլորտում արդեն իսկ առկա են մատակարարման խնդիրներ եւ գազի ու էլեկտրաէներգիայի գների աճ:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը չորեքշաբթի հայտարարել է, որ ռուբլով վճարման Մոսկվայի պահանջը մատակարարման պայմանագրերի «խախտում» է։ Նա նաեւ ասել է, որ հարցը կքննարկի եվրոպացի գործընկերների հետ:
Ռուսական գազ արտահանող «Գազպրոմ»-ը եվրոպական գործընկերների հետ ունի ավելի քան 40 երկարաժամկետ գազային պայմանագիր։
Դանիական էներգետիկ հսկան՝ Orsted-ը, որը երկարաժամկետ պայմանագիր ունի «Գազպրոմ»-ի հետ, ասել է, որ պարզ չէ, թե ինչ ազդեցություն կունենա դրա հետեւանքները: Նմանատիպ տեսակետներ են հայտնել մի շարք կոմունալ ընկերություններ՝ ասելով, որ վերանայում են իրենց պայմանագրերը եւ խորհրդատվություն են անցկացնում:





























