Գերմանիայի իշխող կոալիցիան էլեկտրաէներգիայի կտրուկ աճող գների դեմ պայքարող տնային տնտեսություններին օգնելու միջոցներ է ձեռնարկել, որոնց մեջ ներառված է նաեւ բենզինի եւ դիզվառելիքի եռամսյա սուբսիդավորումը, հայտնում է Reuters-ը։
Կանցլեր Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատների եւ նրանց կոալիցիոն գործընկերներ բնապահպան-կանաչների ու ազատ դեմոկրատների միջեւ կնքված գործարքը պետք է թուլացնի լարվածությունը էներգակիրների գների աճին արձագանքման հարցում:
Ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները լրագրողներին ասել է, որ փաթեթի ճշգրիտ չափը, որը ներառում է նաեւ հարկային արտոնություններ, դժվար է որոշել, քանի որ որոշ մանրամասներ դեռ պետք է հստակեցվեն:
Սակայն իր չափերով այն համարժեք կլինի հարկային արտոնությունների մոտ 13 մլրդ եվրո արժողությամբ առաջին փաթեթին, որը համաձայնեցվել է անցյալ ամիս, ասել է նա։
«Կոալիցիան կարծում է, որ մենք կարճաժամկետ հեռանկարում պետք է պաշտպանենք մեզ գների այս ահռելի աճից»,- ասել է Լինդները:
Համաձայնագիրը եկամտային հարկ վճարողների համար էլեկտրաէներգիայի գնի 300 եվրոյի չափով միանվագ վճար է նախատեսում՝ որպես նրանց աշխատավարձի հավելավճար։
Ընտանիքները մեկ երեխայի համար կստանան 100 եվրո միանվագ գումար, որը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար կկրկնապատկվի, իսկ վառելիքի հարկը երեք ամսով կիջեցվի մինչեւ եվրոպական նվազագույն դրույքաչափ։
Արդյունքում երեք ամսվա ընթացքում մեկ լիտր բենզինի գինը կնվազի 30 ցենտով, իսկ դիզելային վառելիքինը՝ 14 ցենտով, ասել է Լինդները։
Այս միջոցառումների ծախսերը կկատարվի ընթացիկ տարվա լրացուցիչ բյուջեի հաշվին, որը կհրապարակվի հաջորդ ամիս։ Այն կներառի նաեւ ուկրաինացի փախստականներին մարդասիրական օգնության եւ գերմանական բանակի արդիականացման ֆինանսավորումը:





























