G7-ի երկրները մտադիր են հետագա քայլեր ձեռնարկել՝ ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը նվազեցնելու համար։

«Միեւնույն ժամանակ մենք ապահովելու ենք անվտանգ այլընտրանքային եւ կայուն մատակարարումներ, ինչպես նաեւ գործելու ենք համերաշխ եւ  համակարգված։ Մենք պարտավորվում ենք ակտիվորեն աջակցել այն երկրներին, որոնք ցանկանում են աստիճանաբար թուլացնել իրենց կախվածությունը ռուսական գազի, նավթի եւ ածուխի ներկրումից։

Մենք կոչ ենք անում նավթ եւ գազ արդյունահանող երկրներին գործել պատասխանատու եւ ավելացնել մատակարարումները միջազգային շուկաներ՝ նշելով ՕՊԵԿ-ի առանցքային դերը։ Մենք կաշխատենք նրանց եւ բոլոր գործընկերների հետ՝ ապահովելու էներգիայի կայուն եւ գլոբալ մատակարարում։

Այս ճգնաժամն ամրապնդում է մեր վճռականությունը՝ հասնելու Փարիզի համաձայնագրի եւ Գլազգոյի կլիմայական պայմանագրի նպատակներին եւ սահմանափակելու գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչեւ 1,5 °C՝ արագացնելով հանածո վառելիքից մեր կախվածության նվազումը եւ մեր անցումը մաքուր էներգիայի»,- ասվում է G7-ի առաջնորդների՝ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով տարածած հայտարարության մեջ։