Խրամորթում Պաշտպանության բանակի զինծառայողները պատրաստ են դիմակայելու Ադրբեջանի հնարավոր սադրանքներին, տեղի բնակիչները ևս ինքնապաշտպանական ջոկատ են ստեղծել․ այս մասին հաղորդում է ՍիվիլՆեթը՝ վկայակոչելով Խրամորթից իր թղթակից Հայկ Ղազարյանին։
Ըստ Ղազարյանի՝ ադրբեջանցիները Փառուխ գյուղի ուղղությամբ առաջ են շարժվել։ «Եթե բարձունքները վերցնեն, դրանք գերակա դիրք ունեն հարակից գյուղերի՝ Նորագյուղի, Խնաբադի նկատմամբ»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը և շարժվել Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ։ Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ խաղաղապահները իրենց հենակետերում են, բանակցությունները շարունակվում են։
«Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում։
Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»,- ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։





























