Կիեւն ու Մոսկվան համաձայնության են եկել խաղաղ բանակցությունների տեխնիկական հարցերի շուրջ, սակայն կողմերը շարունակում են տարաձայնություններ ունենալ տարածքային հարցերում, ինչպիսին Ղրիմն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հայտնում է Reuters-ը։
ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել է, որ դաշինքի քայլերը Ռուսաստանի կամ որեւէ երրորդ երկրի համար չպետք է ընկալվեն որպես սպառնալիք, այլ որպես զսպող միջոց:
Նրա խոսքով, իր միջնորդական ջանքերի շրջանակներում Թուրքիայի հիմնական նպատակն Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ բանակցությունների համար հանդիպում կազմակերպելն էր։ «Մենք կշարունակենք մեր բանակցությունները Պուտինի եւ Զելենսկու հետ, մեր ջանքերն ուղղված են խաղաղության մթնոլորտի ստեղծմանը»։
Էրդողանը հավելել է, որ դաշնակիցներին ասել է, որ դադարեցնեն Թուրքիայի պաշտպանական հատվածի էմբարգոն, որը ԱՄՆ-ը 2020-ին է սահմանել՝ Անկարայի կողմից ռուսական «Ս-400» պաշտպանական համակարգեր գնելու պատճառով։ «Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ ՆԱՏՕ-ի զսպման եւ պաշտպանական միջոցառումներին, որոնք հիմնված են դաշինքի համերաշխության վրա: Նույն համերաշխությունն ենք ակնկալում մեր դաշնակիցներից... Թեեւ թուրքական պաշտպանական արդյունաբերության հաջողություններն ակնհայտ են, սակայն այս ոլորտում մեր առջեւ ծառացած խոչընդոտները ողջամիտ հիմնավորում չեն կարող ունենալ։ Մեր ընդհանուր շահերից է բխում, որ մեր որոշ դաշնակիցների կողմից մեր պաշտպանական արդյունաբերության վրա դրված սահմանափակումները չեղարկվեն»:





























