Իսպանիայում ձերբակալված թմրաբիզնեսի լատինաամերիկյան խոշոր բարոններից մեկի՝ «Դոն Լուչոյի» հանցավոր խմբի կազմում հայ կա:

Իսպանիայի ոստիկանությունը հուլիսի 26-ին փողերի լվացման դեմ գործողություն է իրականացրել, որի արդյունքում 9 մարդ ձերբակալել է, սառեցվել են «Դոն Լուչոյի» խմբավորման բանկային հաշիվները:  9 ձերբակալվածներից 4-ը իսպանացի են, 4-ը կոլումբիացի եւ մեկը` հայ:

Նրանց անունները չեն բացահայտվում, նշվում է, որ ձերբակալվածների թվում է նաեւ թմրաբիզնեսի բարոնի կինը, որը համարվում է խմբի ղեկավարը:

Ոստիկանությունը մեկ այլ հայտարարությամբ հաղորդում է, որ եւս 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Թմրաբիզնեսի կոլումբիացի բարոն Լուիս Ագուստին Կայսեդո Վիլանդիան, նույն ինքը՝ «Դոն Լուչոն», բանտարակված է Միցյալ Նահանգներում: Նա համարվում է Կոլումբիայի թմրաբիզնեսի, թրաֆիքինգի ու փողերի լվացման լայնածավալ ցանցի պարագլուխը:

«Դոն Լուչոն» ձերբակալվել է 2010 թվականի ապրիլին Արգենտինայում եւ էքստրադիցիայի ենթարկվել ԱՄՆ, որտեղ դատապարտվել ու բանտարկվել է հարյուրավոր տոննա կոկաին Կոլումբիայից ԱՄՆ տեղափոխելու համար:

Ըստ ոստիկանության՝ 2005-2009 թվականների ընթացքում նրա հանցավոր խմբավորումների ցանցում ավելի քան 1,5 միլիարդ դոլար է լվացվել:

Իսպանիայում հանցավոր խմբավորման կենտրոնը եղել է Իսպանիայի արեւելքում` Վալենսիայում: «Գործը» ղեկավարել է ԱՄՆ-ում բանտարկված թրմաբիզնեսի բարոն Լուիս Վիլանդիայի կինը, որին պաշտպանել ու խորհուրդներ են տվել ամուսնու ընկերները, որոնք նույնպես ձերբակալվածների թվում են:

Նարկոմաֆիայի այս խմբավորումը Իսպանիայում կեղծ ընկերություններ է բացել ու զբաղվել փողերի լվացմամբ, որ ստացել են Կոլումբիայից, Մեքսիկայից եւ Պանամայից: Հաղորդում է «Ազատությունը»: