Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության գլխավոր արդյունքը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման իրագործումն էր, մի գործընթաց, որն ուղղված էր պաշտպանությունը երկրի շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրին համապատասխանեցնելուն եւ այդ միջավայրից բխող սպառնալիքների հետ հավասարակշռելուն։ Այդ մասին են Հյուսիսատլանտյան խորհրդի «28+Հայաստան» ձեւաչափով նիստում ելույթի ժամանակ նշել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 27-ին Բրյուսելում մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհրդի «28+Հայաստան» ձեւաչափով նիստին, որի ընթացքում քննարկվել է ՀայաստանՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2011թ. Զեկույցը ու ԱԳԳԾ նորացված՝ երրորդ շրջափուլի փաստաթղթի նախագիծը:
Խոսելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության կարեւորության եւ ԱԳԳԾ նախորդ շրջափուլի արդյունավետության մասին՝ պաշտպանության Օհանյանը մասնավորապես ասել է. «ԱԳԳԾ երկրորդ շրջափուլի շրջանակներում Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության գլխավոր արդյունքը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման իրագործումն էր, մի գործընթաց, որն ուղղված էր պաշտպանությունը երկրի շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրին համապատասխանեցնելուն եւ այդ միջավայրից բխող սպառնալիքների հետ հավասարակշռելուն։ Վերանայման արդյունքներով մշակվել է ՀՀ ԶՈւ զարգացման 2011-2015թթ միջնաժամկետ պլանը, որը երաշխավորում է ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության հիման վրա Պաշտպանության կառավարումը»:
Օհանյանը անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը եւ, մասնավորապես, նշել. «Գործողություններին մասնակցության ժամանակ ռազմավարական փոխադրումների եւ նյութատեխնիկական ապահովման հարցերում անգնահատելի օժանդակություն ենք ստանում Գերմանիայից եւ Հունաստանից: Վերջերս ավելացրեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերում մեր ներդրումը` Մազարի Շարիֆում տեղակայելով 81 զինծառայողից կազմված զորախումբ եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությանը տրամադրելով հետեւազորի 5 հրահանգիչներ: Հաշվի առնելով նաեւ Կունդուզում տեղակայված զորախմբի թվաքանակը (40 զինծառայող), Գերմանական հրամանատարության օպերատիվ ղեկավարման ներքո Աֆղանստանում ներկայումս տեղակայված են ՀՀ ԶՈւ 126 զինծառայողներ»: ՀՀ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է նաեւ ռազմական կրթության եւ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի զարգացման ուղղությամբ։
«Պաշտպանության ռազմավարական վերանայման ավարտը նոր զարկ տվեց նաեւ պրոֆեսիոնալ ռազմական կրթության եւ պայմանագրային սերժանտական համակարգերի զարգացման հարցերին, որոնք ներկայումս իրականացվում են ՀՀ ԶՈւ մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխման համապարփակ գործընթացի շրջանակներում եւ արծարծված են ՀՀ ռազմակրթական հայեցակարգի նախագծի դրույթներում: Ռազմական կրթության եւ ուսման բնագավառում զգալի դեր են կատարում ինչպես ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ ձեւավորված փորձագիտական խումբն, այնպես էլ Կանադայի, Ռումինիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Բուլղարիայի անհատական ջանքերը: 2013թ. նախատեսում ենք մեկնարկել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացները, որոնք հիմք են դառնալու հրամանատարաշտաբային ակադեմիայի ստեղծման համար: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձագետների օգնությամբ ներկայումս աշխատում ենք նաեւ պրոֆեսիոնալ սերժանտական կազմի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ, այդ գործընթացը դիտարկելով որպես սպաների գիտելիքների եւ սերժանտների փորձի համադրման շնորհիվ ստորաբաժանումների օպերատիվ արդյունավետության եւ Զինված Ուժերում կարգապահության բարձրացման միջոց»:
Ս. Օհանյանն անդրադարձել է նաեւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը. «Պետք է նշեմ՝ լիովին գիտակցում ենք, որ ոչ մարտական պայմաններում մարդկային զոհեր հանդուրժելն անթույլատրելի է: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը եւ կարգապահության բարձրացումը մեր ամենագլխավոր խնդիրներից է: Այս ուղղությամբ նախատեսում ենք ունենալ կարգապահական նոր կանոնադրություն, դրան են ուղղվում նաեւ սպաների ռազմական կրթության կատարելագործման, պրոֆեսիոնալ սերժանտների ինստիտուտի ներդրման, մարտական պատրաստության բարձրացման, ինչպես նաեւ տեխնիկական միջոցներով հագեցման ջանքերը»:




























