Մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են ռուս խաղապահների պատասխանատվության տիրույթում: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
«Հիմա հիմնական հարցն ու աշխատանքը տվյալ դեպքում ռուս խաղաղապահների հետ է: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետեւ փաստացի այս առաջխաղացման արդյունքում ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում, այսինքն` շրջանցել են նրանց, և սա համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի` ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և հետևաբար մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ ռուս գործընկերներից, թե ինչ պայմաններում, ինչի արդյունքում է տեղի ունեցել սա»,-հայտարարեց Աղաջանյանը՝ հավելելով. «Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի, և ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան այն ելման դիրքեր, որտեղից որ այդ առաջխաղացումը տեղի է ունեցել: Ադրբեջանական զինված ուժերի թիկունքում է հայտնվել Փառուխ գյուղը: Այդ առաջխաղացման արդյունքում նաև ադրբեջանական զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր, որքանով որ տեղյակ եմ, Քարագլխի մասին է խոսքը»:
Նա նաեւ հիշեցրեց` այս առաջխաղացմանը գիշերը և այսօր հետևել են տեղային ռազմական գործողություններ, կիրառվել են ԱԹՍ-ներ` Բայրաքթարներ. «Խոսքը գնում է շատ կոնկրետ էսկալացիոն գործընթացի մասին, որի հետ կապված մեր առաջնահերթ հարցերը ուղղված են ռուս գործընկերներին, որովհետև այն պատասխանատվության գոտին, որտեղ այս գործընթացները տեղի են ունենում, ենթադրում է, որ ռուս խաղաղապահների միջոցով պետք է որ բացառվեր», - նշեց նա:
Հիշեցնենք, որ հենց Աղաջանյանն էր վերջերս «Ազատությանը» տված հարցազրույցում բավական երկիմաստ մտքեր արտահայտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերաբերյալ:.











