Յենս Սթոլթենբերգը չի գլխավորի Նորվեգիայի Կենտրոնական բանկը (Norges Bank)՝ եւս մեկ տարով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր մանդատի երկարաձգման պատճառով, հետեւում է Նորվեգիայի կարգավորիչի հաղորդագրությունից։

Կենտրոնական բանկի նոր ղեկավար վեց տարով նշանակվել է Իդա Վոլդեն Բախեն: 49-ամյա Վոլդեն Բախեն Norges Bank-ը գլխավորող  առաջին կինը կդառնա:

Սթոլթենբերգը պետք է Նորվեգիայի կենտրոնական բանկի նախագահ դառնար այս տարվա սեպտեմբերին, երբ ավարտվեց նրա պայմանագիրը ՆԱՏՕ-ի հետ։ Սակայն հինգշաբթի հայտնի դարձավ, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ղեկավարները գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվել են երկարաձգել գործող գլխավոր քարտուղարի մանդատը մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։ Այս որոշումը կայացվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

«Norges Bank-ը մեծ հարգանքով է վերաբերվում պարոն Սթոլթենբերգի որոշմանը, որը կայացվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նրա շատ կարեւոր պարտականությունների լույսի ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Նորվեգիայի Կենտրոնական բանկը մարտի նիստի արդյունքներով որոշել էր դեկտեմբերից ի վեր երրորդ անգամ բարձրացնել հիմնական տոկոսադրույքն արագացված գնաճի եւ աշխատավարձերի վրա ճնշումների ֆոնին։ Այժմ այն ​​տարեկան 0.75 տոկոս է կազմում։ Կարգավորիչը նաեւ  բարձրացրել է մինչեւ 2023 թվականի վերջ տոկոսադրույքի մակարդակի իր կանխատեսումը՝ դեկտեմբերին հայտարարված 1.75 տոկոսից մինչեւ 2.5 տոկոս: