Եթե հակառակորդը որոշի գնալ լայնածավալ պատերազմի ճանապարհով, ապա դա ինքնասպանությանը հավասար քայլ կարող է լինել, այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք լայնածավալ պատերազմի վտանգ կա այս պահին։

«Ես կարծում եմ, որ դա ինքնասպանությանը հավասար գործողություն կարող է լինել, եթե հակառակորդը գնա այդ ճանապարհով։ Դա նշանակում է՝ օգտվել Ռուսաստանի այս ծանր վիճակից և անել գործողություն, որը ավանտյուրիզմի հավասար գործողություն է, որովհետև մենք այսպես, թե այնպես պետք է պաշտպանենք մեր ազգաբնակչությանը Պաշտպանության բանակի բոլոր հնարավորություններով»,– ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանի ժողովուրդը չի կարող հանդուրժել Արցախի ազգաբնակչությանը սպառնալիքի գոյությունը։

«Համոզված եմ, որ սառը գիտակցումը պետք է հեռու պահի հակառակորդին նման զարգացումներից, որովհետև գործողությունը գործողություն, բայց նաև պատասխան տալու ժամանակ է գալու»,– ասել է նա։

Հաղորդավարի դիտարկմանը, որ սա հակառակորդի համար ամենահարմար պահն է նման քայլերի դիմելու համար, Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է՝ ասելով, որ երբ Ռուսաստանը Ուկրաինայում հասնի իր նպատակին, կամ ռուս–ուկրաինական հակամարտությունը հանգուցալուծվի բանակցությունների միջոցով, ապա Ռուսաստանը չի մոռանալու, որ երաշխավորն է Արցախի հակամարտության տիրույթում և այնպայման չի հանդուրժի, որ ինչ–որ մեկն այդ պահին օգտվեց իր խառը լինելու հանգամանքից։

Պետրոս Ղազարյանի հարցին՝ «վստա՞հ եք, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է․ «Ուրիշ տարբերակ գոյություն ունի՞։ Այդ դեպքում մենք պետք է կողմնորոշվենք՝ որ ճանապարհով պետք է լուծենք Արցախի ազգաբնակչության անվտանգության խնդիրը»։

Հիշեցնենք՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում, ինչը կասեցվել է:

Այսօր Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսյանը (ծնվ. 1990թ.)։ Ասկերանում կա 14 վիրավոր, գրեթե բոլորը վիրավորվել են ԱԹՍ-ի հարվածներից։