Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ մասնակցելու Եմենի ճգնաժամի կարգավորմանը, հաղորդում է Tasnim-ը։

Բեյրութ կատարած այցի ընթացքում Իրանի արտգործնախարարը հանդիպել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ,  քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ երկկողմ կապերի ընդլայնումը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունները։

«Մենք ուշադիր հետեւում ենք Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններին եւ այս երկրի բարեկամն ու աջակիցն ենք թե՛ դժվար օրերին, թե՛ հանգիստ ժամանակներում։ Մենք պատրաստ ենք բոլոր տեսակի համագործակցության այս բարեկամ երկրի հետ ներկա դժվարին ժամանակաշրջանում»,- ասել է նա։

Իրանի արտգործնախարարը նշել է տարածաշրջանում զարգացումների արագ տեմպերը։

«Մենք հավատում ենք, որ այդ իրադարձությունները կբավարարեն Լիբանանի եւ ողջ տարածաշրջանի շահերը»,- ասել է նա։

Նա նաեւ հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ կիրառելու սեփական ներուժը՝ Եմենի ճգնաժամի կարգավորման գործում դերակատարություն ունենալու համար։

Աբդոլլահիանը հավելել է,  որ ԻԻՀ-ը ողջունում է Սիրիայի հարաբերությունները տարածաշրջանի եւ արաբական երկրների հետ։

Իր հերթին, Աունը մատնանշել է իր երկրի տնտեսական դժվարությունները՝ ասելով, որ տարածաշրջանում ցանկացած խնդիր բացասաբար է անդրադառնում Լիբանանի վրա եւ, ընդհակառակը, Լիբանանի ցանկացած խնդիր բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի վրա։