Այսօր ՀՀ իշխանությունն ընդամենը երեք գործողություն է կատարում՝ որքան հնարավոր է շատ թվով ընդդիմադիր գործիչների կալանավորում, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եղբայրական-բարեկամական թեզի վճռական քարոզչություն, եւ, երրորդը, իր կապիտալի ավելացում։ Այս մասին մարտի 26-ին մամուլի ասուլիսում հայտարարեց «Երիտասարդության ձայն» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։
«Այն ամենը, ինչ նրանք խոստանում են, չի իրականացվում։ Նրանք անընդհատ ստում են, անընդհատ խաբում հանրությանը»,- ասաց նա։
Նա հետաքրքրվեց, թե արդյոք նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը Ադրբեջանի կազմում, Ոսկեպարում քարոզարշավի ժամանակ ասել է արդյոք, որ գյուղը շրջափակվելու է GPS-ով սահմանազատման միջոցով։ «Իհարկե, չի ասել։ Նրանք ստել են ամենացինիկ ձեւով եւ շարունակում են ստել»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։
Նրա կարծիքով՝ մեկ ելք միշտ եղել է ու կլինի՝ իշխանափոխությունը։
«Ինչքան էլ պաշտպանության նախարարին փոխեն, ԳՇ պետ լինի, թե՝ չլինի, դրանով ոչինչ չի փոխվի։ Հայաստանի հպարտ քաղաքացու կյանքը միայն կշարունակի վատանալ։ Եվ ըստ էության Հայաստանի Հանրապետության գոյությունը բացառապես սրանով է պայմանավորված»,- նշեց նա։
«Միայն մի բան վստահորեն կասեմ՝ չգիտեմ երբ, չգիտեմ ինչպես, չգիտեմ ինչ միջոցներով, բայց այս ամենը չեն մարսելու՝ Արցախը, այս հողը, այս հայրենիքը, Դադիվանքը, Ղազանչեցոցը»,- ամփոփեց Հարությունյանը։











