Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ 2015 թվականի միջուկային գործարքի վերակագնման հարցով Վիեննայում ընթացող բանակցություններում անհրաժեշտ որոշումների կայացման պատասխանատվությունն ԱՄՆ-ի վրա է, հաղորդում է Tasnim-ը:

Շաբաթ կայացած հեռախոսազրույցում Իրանի ԱԳՆ ղեկավարը եւ նրա բելգիացի գործընկեր Սոֆի Վիլմեսը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, միեւնույն ժամանակ երկուսն էլ կոչ են արել ջանքեր գործադրել Թեհրանի եւ Բրյուսելի միջեւ տնտեսական եւ առեւտրային կապերի ամրապդման համար:

Ընդգծելով Բելգիայի հետ Իրանի հարաբերությունների կարեւորությունը երկկողմ հարաբերությունների եւ այդ երկրում եվրոպական և միջազգային ինստիտուտների ներկայության տեսանկյունից՝ Ամիր Աբդոլլահիանը Թեհրանի եւ Բրյուսելի միջեւ հարաբերություններն փոխադարձ հարգանքի վրա հիմնված եւ դրական է անվանել:

Մատնանշելով Վիեննայում Իրանի եւ P4+1 խմբի միջեւ ընթացող բանակցությունները եւ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը՝ նա ընդգծել է, որ մի քանի մնացած հարցերի կարգավորման համար պահանջվում է Միացյալ Նահանգների որոշումը:

Ամիր Աբդոլլահիանը տեղեկացրել է, որ այդ հարցով զբաղվում է ԵՄ ներկայացուցիչը:

Բելգիայի արտգործնախարարն, իր հերթին, մատնանշել է խորհրդարանական համագործակցությունը եւ Բելգիայի եւ Իրանի միջև առկա որոշ համաձայնագրերը:

Վիլմեսը երկու երկրի միջեւ սերտ համագործակցությունը կենսական կարեւոր է անվանել տնտեսական կապերի զարգացման և որոշակի հարցերի կարգավորման  համար:

Հիշեցնենք, որ Իրանը եւ ԳՀՀԾ-ի մյուս մասնակիցներն անցյալ տարվա ապրիլից բանակցություններ են վարում Վիեննայում՝ համաձայնագրի վրականգնման եւ ԱՄՆ պահանջներին դրա լիակատար համապատասխանեցման նպատակով: