Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա Թուրքիայում մարտի 28-30-ը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան, փոխանցում է Укринформ-ը:
«Այսօր տեսաժողովի ձեւաչափով կայացած բանակցությունների հերթական փուլում որոշում է կայացվել երկու պատվիրակությունների հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում մարտի 28-30-ը»,- նշել է նա:
Արախամիան մասնավորեցրել է, որ այլ մանրամանսեր կհայտնեն ավելի ուշ:
Ուկրաինական կողմի հայտարարությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
«Այսօր կայացել է Ուկրաինայի հետ բանակցությունների հերթական փուլը: Արդյունքում որոշում է կայացվել դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպել մարտի 29-30-ը»,- գրել է նա Telegram-ում:





























