Աֆղանստանում թալիբները բոլոր պետական ​​աշխատողներին կարգարդրել են մորուք պահել եւ հետեւել դրես կոդին, հակառակ դեպքում նրանք կարող են ազատվել աշխատանքից, Reuters-ին հայտնել է երեք աղբյուր: Սա ամենավերջինն է մի քանի նոր սահմանափակումներից, որոնք սահմանել է կոշտ իսլամիստական ​​վարչակազմը:

Աղբյուրները նշում են, որ Առաքինության քարոզչության եւ արատների կանխարգելման նախարարության պաշտոնյաները հսկում են պետական ​​գրասենյակների մուտքերը, որպեսզի ստուգեն՝ արդյո՞ք աշխատակիցները հետեւում են նոր կանոններին, թե ոչ:

Աշխատակիցներին կարգադրվել է չսափրել մորուքը եւ ազատ երկար վերնաշապիկից եւ տաբատից, ինչպես նաեւ գլխարկից կամ չալմայից բաղկացած ավանդական հագուստ կրել։ Նրանք պետք է նաեւ ճիշտ ժամանակին աղոթեն, հայտնել են աղբյուրները:

Աշխատակիցներին ասել են, որ նրանք այլեւս չեն կարողանա մուտք գործել գրասենյակներ եւ, ի վերջո, աշխատանքից կազատվեն, եթե չհետեւեն դրես կոդին:

Անցյալ շաբաթ թալիբները կանանց արգելել էին ինքնաթիռներով ճամփորդել առանց տղամարդկանց ուղեկցության եւ չէին բացել դպրոցներն աղջիկների համար:

Կիրակի օրը թալիբները հրամայել էին զբոսայգիները տարանջատել ըստ սեռի` թույլ տալով կանանց մուտք գործել շաբաթական երեք օր, իսկ տղամարդկանց` մնացած չորս օրը, այդ թվում՝ հանգստյան օրերին, ինչը նշանակում է, որ նույնիսկ ամուսնացած զույգերն ու ընտանիքները չեն կարող միասին այցելել դրանք;