Ուկրաինայի գրավոր առաջարկները ենթադրում են Ղրիմը եւ Սեւաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից հրաժարում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ միջուկային կարգավիճակի իրականացման նպատակով տրվում է Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող երկրների ցանկը։ Անվտանգության երաշխիքները չեն տարածվում Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքի վրա, այսինքն՝ Ուկրաինան հրաժարվում է Ղրիմը, Սեւաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից եւ հայտարարում է, որ դա հնարավոր է միայն բանակցությունների միջոցով։ Իհարկե, դա ոչ մի կերպ չի համապատասխանում մեր դիրքորոշմանը, սակայն Ուկրաինան ձեւակերպել է իր մոտեցումը»,- ասել է Մեդինսկին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն վերաբերում Ուկրաինայի այն հատվածին, որը նա անվանում է Դոնեցկի եւ Լուգանսկի առանձին շրջաններ։
«Ուկրաինան հրաժարվում է միանալ ռազմական դաշինքներին, հրաժարվում է տեղակայել արտասահմանյան ռազմաբազաներ, զորավարժություններ անցկացնել Ուկրաինայի տարածքում՝ առանց երաշխավոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության համաձայնության», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Կիեւի առաջարկները ենթադրում են Ուկրաինան միջազգային իրավական երաշխիքներով մշտապես չեզոք պետություն հռչակելը։
Նա նշել է, որ Ուկրաինան խնդրում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կազմվի պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։





























