Հայաստանում տեղեկատվական հասարակությունը զարգանում է կրիայի արագությամբ։ Նման կարծիք հայտնեց «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանը՝ NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում։ Գ. Չուգասզյանի խոսքով՝ Հայաստանը, թեւեւ որոշ ցուցանիշներում առաջադիմություն է արձանագրում, սակայն հետ է մնում համաշխարհային միտումների արագություններից։
«Համաշխարհային աճի տեմպերը այնքան արագ են, որ վերջին 20 տարիներին Հայաստանում ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված քայլերը շատ փոքր են եւ լավատեսություն չեն ներշնչում»,-ասաց Գ. Չուգասզյանը։ Նրա կարծիքով՝ եթե արմատական փոփոխություններ չկատարվեն, աշխարհում ընթացող զարգացումների հունում լինելը ուղղակի անհնարին կդառնա։
«21-րդ դարում Հայաստանը կամ պետք է բարձր տեխնոլոգիական երկիր լինի կամ չլինի ընդհանրապես։ Երկիրը չի կարող օլիգարխիական կերպար ունենալ ու լինել բարձր տեխնոլոգիական»,-ասաց Գ. Չուգասզյանը։
Հայաստանը չի օգտագործում իր եզակի հնարավորությունները, օրինակ՝ Սիլիկոնային հովտում գործում է բավականին հոծ եւ կարեւոր հայ գաղութ, սակայն մինչ օրս Հայաստանը այնտեղ ներկայացչություն չունի։
Չուգասզյանը կարծում է նաեւ, որ Հայաստանում գոյացել է այսպես կոչված «թվանշային խզվածք», այսինքն վեց հազարանոց ՏՏ համայնքը սկսում է նմանվել «աղանդի», իսկ Հայաստանում տեղեկատվական հասարակության ձեւավորմանը բավարար ուշադրության չի դարձվում։




























