Պետք է ուշադրություն դարձնել Հայաստանի անվտանգության խորհրդի վերջին հայտարարությանը, որի համաձայն՝ Ադրբեջանը տարբեր տեսակի սադրանքների միջոցով պատրաստվում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը։ Այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Անվտանգության խորհուրդը, նրա խոսքով, նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը համապատասխան զսպման մեխանիզմներ կիրառել Բաքվի նկատմամբ, ինչը կկանխի ռազմական գործողությունների վերսկսման հնարավոր վտանգը թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Միաժամանակ Բաքվին մեղադրել են հայերի նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու մեջ։
«Միաժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին համարում էր գործընկեր, որի հետ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար միանգամայն հնարավոր էր համագործակցել։ Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը, մի կողմից, համաձայնել է Բաքվի ներկայացրած առաջարկներին, որոնք բաղկացած են հինգ կետից՝ ի թիվս այլնի նախատեսելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, իսկ մյուս կողմից՝ մեղադրում է Բաքվին էթնիկ զտումներ իրականացնելու մեջ»,- նշեց Հարությունյանը։
Նա անտրամաբանական եւ հակասական համարեց ներկայիս իշխանության նման քաղաքականությունը։





























