Շարունակելով Եվրոպական խորհրդարանում հանդիպումները՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը, այսօր քննարկումներ են ունեցել ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Կոսմա Զլոտովսկիի և Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի և Վիոլա ֆոն Կրամոն֊Տոբադելի հետ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության   ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկումների առանցքում գտնվել են Արցախում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող սադրանքները։ Հայ պատգամավորները եվրոպացի գործընկերներին կոչ են արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ։