Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով տեղի է ունենում ռուսական զորքերի պլանային վերախմբավորում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով տեղի է ունենում զորքերի պլանային վերախմբավորում։ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Դոնբասի տարածքում եւ Ուկրաինայում անցկացվող հատուկ ռազմական գործողության առաջին փուլում նախատեսվում էր հակառակորդին ստիպել կենտրոնացնել իր ուժերը, միջոցները, ռեսուրսները եւ ռազմական տեխնիկան այդ տարածքներում խոշոր բնակավայրեր պահելու համար»,- ասել է նա։
Ըստ Կոնաշենկովի՝ ծրագիր կար Ուկրաինայի զինված ուժերը շղթայել մարտի դաշտում եւ առանց քաղաքներ գրոհելու՝ խաղաղ բնակչության շրջանում կորուստներից խուսափելու համար, Կիեւի զինված կազմավորումներին այնպիսի պարտության մատնելու համար, որը թույլ չէր տա նրան օգտագործել իր ուժերը Դոնբասում ռուսական զինված ուժերի դեմ։ «Այս բոլոր նպատակներն իրականացվել են»,- շեշտել է գեներալը։





























