Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների ընդունումը հակասում է միջուկային գործարքի իրականացմանը վերադառնալու մտադրության մասին ամերիկյան կողմի հայտարարություններին։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Չնայած նրան, որ ԱՄՆ-ն հայտարարում է միջուկային համաձայնագրի ամբողջական իրականացմանը վերադառնալու պատրաստակամության մասին՝ նրանք շարունակում են խախտել ՄԱԿ-ի 2231 բանաձեւը [ի աջակցություն միջուկային համաձայնագրի]»,- նրա խոսքերը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Դիվանագետի խոսքով՝ «այդ գործողությունները հստակ ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների [նախագահի] ներկայիս վարչակազմը, ի հեճուկս իր հայտարարություններին, օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ առանց որեւէ հիմքի Իրանի ժողովրդի վրա ճնշումը մեծացնելու համար»։

Չորեքշաբթի ԱՄՆ ֆիննախը հայտարարել է Իրանում եւս մի անձի եւ չորս կազմակերպությունների դեմ պատժամիջոցների սահմանման մասին։ Սահմանափակումները մտցվել են զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին ԱՄՆ օրենքների հիման վրա։