Հարավային Օսիան մտադիր է մտնել Ռուսաստանի կազմի մեջ որպես սուբյեկտ, այնուհետեւ իշխանություններն անհրաժեշտ են համարում նախաձեռնել Հյուսիսային Օսիային միանալու ընթացակարգ։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հինգշաբթի ասել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Չորեքշաբթի Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ երկիրը իրավաբանական քայլեր կձեռնարկի՝ առաջիկայում ՌԴ-ի կազմ մտնելու համար։

«Ալանիան մենք արդեն ունենք. եւ Հյուսիսային Օսիան՝ Ալանիան եւ Հարավային Օսիան, Ալանիա պետությունն են։ Դա արդեն մեկ Ալանիա է։ Երբ մենք արդեն Ռուսաստանի Դաշնության կազմում լինենք, կլինեն նաեւ ընթացակարգեր, որոնք կապված են սուբյեկտների միավորման հետ։ Այսօրվա դրությամբ Հարավային Օսիան կարող է մտնել ՌԴ-ի կազմի մեջ որպես Ռուսաստանի սուբյեկտ։ Ես կարծում եմ, որ Օսիայի միավորումն անհրաժեշտ է»,- ասել է Բիբիլովը։

Նա նշել է, որ ՌԴ-ի կազմի մեջ մտնելը բազմիցս կավելացնի հանրապետության անվտանգությունը, ինչը կարեւոր դեր ունի հասարակության համար։ «ՌԴ-ի նոր Սահմանադրությունում գրված է, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի դեպքում ոչ մեկին չի տա տարածքներ, որոնք Ռուսաստանի Դաշնությանն են։ Դա քանիցս ամրապնդում է Հարավային Օսիայի Հանրապետության բնակչության անվտանգությունը»,- նշել է Բիբիլովը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի կազմում հանրապետությունը տնտեսության զարգացման մեծ հնարավորություն կունենա։ Սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունները բազմիցս կավելանան։ «Դուք հիանալի գիտեք, որ այսօրվա դրությամբ ծրագիրը, որը կար, ներդրումայյին ծրագիր է, որն ուղղված է ենթակառուցվածքի, սոցիալական օբյեկտների զարգացմանը։ Այսօրվա դրությամբ մենք ՌԴ-ի հետ մշակել ենք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բյուջեն, այդ ծրագիրը երեք տարվա համար է եւ ֆինանսական առումով մոտ 4 մլրդ ռուբլու ծրագիր է»,- ասել է Բիբիլովը։

Հարավային Օսիայի Հանրապետությունը խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ նրա կազմ մտնելու հանրաքվե անցկացնելու հարցով։

«Ամենագլխավորն այն է, որ խորհրդակցություններ են անցկացվում մեր ռուս գործընկերների հետ [ՌԴ-ի կազմ մտնելու հանրաքվե անցկացնելու հարցով]։ Եվ իրավաբանական գործողություններն առաջին հերթին պետք է հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա։ Դրա համար հիմք կա։ Հարավային Օսիան անկախ պետություն է եւ կարող է ընդունել այն որոշումները, որոնք իր համար կենսականորեն անհրաժեշտ կհամարի։ Այդ որոշումն իրականում կենսականորեն անհրաժեշտ է Հարավային Օսիայի ժողովրդի համար»,- ասել է նա։

Ռուսաստանը 2008թ. օգոստոսի 26-ին, Ցխինվալի դեմ Վրաստանի զինված ագրեսիայից հետո, ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ նախկին երկու վրացական ինքնավարությունների անկախության ճանաչումն արտացոլում է գոյություն ունեցող իրողություններն ու վերանայման ենթակա չէ։ Բայց Թբիլիսին հրաժարվում է ճանաչել հանրապետությունների անկախությունը։

Հարավային Օսիայի ԿԸՀ-ն մարտի 15-ին ավարտել է հանրապետության նախագահի թեկնածուների գրանցումը։ Պետական բարձրագույն պաշտոնի համար ապրիլի 10-ին պայքարելու են Բիբիլովը, խորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Պլիեւը, «Նիխաս» քաղաքական կուսակցության առաջնորդ Ալան Գագլոեւը, պատգամավոր Հարի Մուլդարովը եւ նախկին պատգամավոր Դմիտրի Տասոյեւը։ Բիբիլովը նախագահ է ընտրվել 2017թ. ապրիլին, 2014թ. հունիսից զբաղեցնում էր հանրապետության խորհրդարանի նախագահի պաշտոնը։