ԱՄՆ-ը փորձում է ստիպել, որ Եվրոպան ամերիկյան թանկարժեք հեղուկ բնական գազի անցնի՝ դրանով իսկ խափանելով եվրոպական ընկերությունների մրցունակությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ համաշխարհային շուկաները անկում են ապրում, իսկ ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների բաժնետոմսերի արժեքը միայն աճում է։ «Կապիտալը հոսում է ԱՄՆ՝ զրկելով աշխարհի մյուս տարածաշրջաններին զարգացման ռեսուրսներից։ Նույն շարքից է նաեւ բոլոր միջոցներով ամերիկյան թանկարժեք հեղուկ բնական գազին տեղափոխելու փորձերը։ Արդյունքում եվրոպացիներին ոչ միայն ստիպում են ծախսեր անել, այլ նաեւ, ըստ էության, իրենց ձեռքով խափանել եվրոպական ընկերությունների մրցունակությունը, հեռացնել նրանց համաշխարհային շուկայից»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը գնահատում է իր գործարար համբավը։ «Մենք կատարել ենք եւ կշարունակենք կատարել բոլոր պայմանագրերով, ներառյալ գազային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները: Մենք կշարունակենք գազ մատակարարել սահմանված ծավալներով, ինչն եմ ուզում ընդգծել՝ սահմանված ծավալներով եւ գործող երկարաժամկետ պայմանագրերով սահմանված գներով»։ Նա նշել է, որ այդ գները մի քանի անգամ ցածր են սփոթ շուկայում ընթացիկ գնանշումներից։
Նրա կարծիքով՝ միանգամայն սպասելի է այն իրավիճակի զարգացումը, որի դեպքում եվրոպական երկրները կարող են սառեցնել եվրոն ու դոլարը գազային պայմանագրերով։ «Գազի հետագա մատակարարումների եւ ավանդական սխեմայով դրանց վճարման դեպքում եվրոյով կամ դոլարով նոր ֆինանսական մուտքերը նույնպես կարող են արգելափակվել։ Իրավիճակի նման զարգացումը միանգամայն սպասելի է, մանավանդ, որ Արեւմուտքում որոշ քաղաքական գործիչներ խոսում են այդ մասին, ընդ որում՝ հրապարակավ են խոսում»,- ասել է նա։





























