Բրիտանական բանկերը նախազգուշացրել են կառավարությանը, որ բոլոր ռուսաստանցիներին իրենց հաշիվների վրա ավելի քան 50 000 ֆունտ (65 430 դոլար) պահելն արգելելու ծրագիրն անօրինական է եւ անիրականանալի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Կառավարությունը հայտարարել է, որ «բոլոր ռուսաստանցիներին» կարգելվի մեծ ավանդներ պահել բրիտանական բանկերում, իսկ վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ դա Մոսկվայի մեկուսացմանն ուղղված ռազմավարության մի մասն է:
Կառավարության գնահատականներով՝ այժմ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի ավելի քան 70 000 քաղաքացիներ են ապրում, եւ Լոնդոնը երկար ժամանակ եղել է Եվրոպայում ռուսական փողերի գլխավոր ուղղություններից մեկը:
Բանկային ոլորտի աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ մտավախություն ունեն, թե ռուսական ավանդների համար բրիտանական առաջարկները կխախտեն իրավահավասարության մասին օրենքները, որոնք արգելում են ազգային խտրականությունը:
«Այն, ինչ նրանք առաջարկում են, անօրինական է, դրանում կասկած չկա»,- ասել է բանկի ղեկավարներից մեկը, որը կառավարության հետ բանակցել է այդ ծրագրի շուրջ։ «Սա նման է հապճեպ հայտարարության, որի հետեւանքները մտածված չեն»։
Մեծ Բրիտանիան կիրառում է այն, ինչ կառավարությունը անվանել է Ռուսաստանի դեմ երբեւէ եղած ամենամեծ պատժամիջոցները, ներառյալ ակտիվների սառեցումը եւ հարյուրավոր այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց մուտքի արգելքը, որոնք մեղադրվում են նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցելու մեջ:
Բանկային ավանդների պլանը միակ միջոցն է, որը ուղղված է Բրիտանիայի բոլոր ռուսաստանցիների, այլ ոչ միայն նրանց դեմ, ում վրա ուղիղ պատժամիջոցները տարածվում են։
Բանկային աղբյուրներն ասել են, թե իրենք երաշխիքներ են խնդրել, որ իրենց դեմ հայց չեն ներկայացնի, եթե սահմանափակումներ մտցնեն:
Նման երաշխիքները, սակայն, կարող են անհնարին լինել առանց օրենքի փոփոխության, եւ սահմանափակումների առաջարկումից ավելի քան մեկ ամիս անց դեռեւս հայտարարություններ չեն եղել այն մասին, թե ինչպես են դրանք աշխատելու, եւ կազդեն արդյոք երկքաղաքացիների վրա:





























