Հայաստանը հետ չի մնում այլ երկրներից զբոսաշրջության ոլորտում: Այդ մասին այսօր` հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային-տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«PR-ը Հայաստանում զբոսաշրջության ոլորտում իրականացվում է պատշաճ մակարդակով: 2006-2008 թվականներին CNN-ով ցուցադրվել է վավերագրական ֆիլմ Հայաստանի տեսարժան վայրերի մասին` 52 րոպե տեւողությամբ:
Գովազդային հոլովակներ են ցուցադրվել իսպանական Television Espanyola ալիքով, չեխական հեռուստաալիքով: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բոլոր միջոցները պետք է նպատակային ծախսվեն»,- ասել է Ապրեսյանը:
Նա հատուկ ընդգծել է այն փաստը, որ զբոսաշրջության մեջ կարեւոր դեր ունեն լրատվամիջոցներն ու գովազդը:
«Լրատվամիջոցները պետք է լուսաբանեն ոչ միայն բացասական, այլեւ դրական երեւույթները: Հայ լրագրողները պետք է տեղյակ լինեն զբոսաշրջության ոլորտից, որպեսզի հասարակությանը ճիշտ տեղեկություն հրամցնեն եւ թույլ չտան Ադդրբեջանին իր օգտին ներկայացնելու ցանկացած անգրագետ խոսք»,- ասել է Ապրեսյանը եւ պատրաստակամություն հայտնել վարպետության դասեր կազմակերպել լրագրողների համար:



























