Հայաստանի կառավարությունն այսօր` հուլիսի 28-ի նիստում որոշեց հավանություն տալ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Միշա Ստեփանյանի (ՀՀԿ), Խաչիկ Հարությունյանի (Օրինաց Երկիր) եւ Վահագն Մախսուդյանի (Բարգավաճ Հայաստան) օրենսդրական նախաձեռնության` փոփոխություն կատարել «Սեւանա լճի մասին» օրենքում` արգելելով Սեւանա լճի ավազանում նոր փոքր հէկ-երի կառուցումը:
Պատգամավորներն իրենց նախաձեռնությունը բացատրում են Սեւանա լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակի բարելավման եւ ձկնաշխարհի վերականգնման անհրաժեշտությամբ: Ի դեպ` պատգամավորներից երկուսը ծնունդով Մարտունու շրջանից են (Մ. Ստեփանյան եւ Վ. Մախսուդյան):
Սույն առաջարկությունը կառավարությունում միանշանակ չի ընդունվել: Էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաեւ բնապահպանության նախարարները կողմ են հանդես եկել առաջարկությանը, ինչն էլ հիմք հանդիսացավ կառավարության համար` հավանություն տալ դրան:
Սակայն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը միանշանակ դեմ է, քանի որ փոքր ջրամբարները կարեւոր դերակատարում ունեն գետերի հոսքի կարգավորման, սելավային երեւույթների մեղմման, կոշտ նյութերի նստեցման գործում: Փոքր ՀԷԿ-երի կառուցման արգելքին դեմ է նաեւ Գեղարքունիքի մարզետ Նվեր Պողոսյանը` սոցիալ-տնտեսական նկատառումներով:
Կառավարության նիստում այս հարցի շուրջ բանավեճ ծագեց, թե ինչ պետք է լինի այն դեպքերում, երբ կազմակերպությունը ստացել է փոքր հէկ կառուցելու լիցենզիա, կամ դիմել է այդ նպատակով ու ծախսեր է իրականացրել:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի տեղեկացմամբ` օրենքը հետադարձ ուժ չի ունենա, հետեւաբար` բոլոր գործող 7 ՀԷԿ-երը կպահպանեն իրենց օրինական լիցենզիան: Ինչ վերաբերում է նոր լիցենզիաների ստացման դիմումներին` ապա առաջարկվեց դրանց պարզապես ընթացք չտալ:




























