Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինն Անկարայում բանակցություններ է վարում Թուրքիայի ղեկավարության հետ` Արեւելյան Եվրոպայում ՀՀՊ տարրեր տեղակայելու ՆԱՏՕ-ի ցանկության կապակցությամբ: Հայտնի է, որ Մոսկվան լուրջ դիտողություններ ունի այդ ծրագրի դեմ:

Թուրքիա ժամանելուց առաջ Ռոգոզինը, ով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչն է ՆԱՏՕ-ում, բանակցություններ է վարել Վաշինգթոնում, սակայն դրական արդյունքների չի հասել:

Անկարայում ռուս պատգամավորը հանդիպումներ է ունենալու պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարի, նաեւ Թուրքիայի գլխավոր շտաբի անդամների հետ: Նախատեսված է նրա հանդիպումը նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, հաղորդում է TRTrussian.com-ը:

Անկարայում կայացած մամուլի ասուլիսում Ռոգոզինը հայտարարել է, թե Թուրքիայի դիրքորոշումը կարեւոր նշանակություն ունի Ռուսաստանի համար:

«Թուրքիան տարածաշրջանի առաջատար երկիր է, ՆԱՏՕ-ի կարեւոր դաշնակից եւ մեր ռազմավարական գործընկերը»,- ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը: Նա նկտաել է, որ հարցը քննարկելու համար Թուրքիա է այցելելու նաեւ Ռուսաստանի նախագահը: