Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունները պետք է շարունակվեն, Մոսկվան պատրաստում է իր արձագանքը Կիեւի առաջարկներին եւ ամրագրում է որոշակի առաջընթաց։ Այս մասին Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Դուք լսեցիք, թե ինչպես մեկնաբանվեց վերջին փուլը Ստամբուլում մեր բանակցողների կողմից, որտեղ ուկրաինական կողմն առաջին անգամ թղթի վրա ներկայացրեց այն պայմանավորվածությունների տեսլականը, որոնց պետք է հասնել։ Եվ այդ պայմանավորվածությունները պետք է, ինչպես ասում են, ձեւավորվեն սկզբից։ Մեզ մոտ պատրաստվում է արձագանք, այնտեղ առաջընթաց կա, նախ, այն հարցում, որը վերաբերում է Ուկրաինայի՝ դաշինքի երկիր լինելու անհնարինության ճանաչմանը, Հյուսիսատլանտյան դաշինքում երջանկություն փնտրելու անհնարինությանն Ուկրաինայի համար. ապամիջուկային արտադաշինքային կարգավիճակ»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը տեսել է եւս մեկ իրողության շատ ավելի մեծ ընկալում ուկրաինական կողմից։ «Նկատի ունեմ իրավիճակը Ղրիմի եւ Դոնբասի հետ կապված,- շարունակել է Լավրովը։- Հետագա հնարավոր շփումների մասին. դրանք այժմ քննարկվում են, եւ դրանց մասին կհայտարարվի»։
Մոսկվան կողմ է, որպեսզի անվտանգության երաշխիքները ներկայացվեն ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Ուկրաինային եւ եվրոպական բոլոր երկրներին՝ այն փաստաթղթերին համապատասխան, որոնք երկար տարիներ ընդունվել են ԵԱՀԿ շրջանակում, եւ որոնք հռչակել են այն սկզբունքը, որ ոչ մի երկիր իր անվտանգությունը չի ամրապնդի մյուսների անվտանգության հաշվին։
Նախարարի խոսքով՝ ոչ ոք դեմ չի լինի, եթե Հնդկաստանը կարողանա աջակցել անվտանգության երաշխիքների տրամադրման գործընթացներին՝ միջազգային խնդիրների լուծման հարցում իր արդարացի դիրքորոշումների եւ իրատեսական մոտեցումների օգնությամբ։
Լավրովը նաեւ ընդգծել է, որ չի լսել խոսակցություններ այն մասին, որ Հնդկաստանը կարող է միջնորդ հանդիսանալ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ բանակցություններում։ «Միայն կարող եմ ասել, որ Հնդկաստանի հավասարակշիռ դիրքորոշումը, որը չի ենթարկվել ազդեցությա՝ն շանտաժի կամ թելադրանքի մեթոդների հետեւանքով, իհարկե, արժանի է մեր հարգանքին»,- ավելացրել է նախարարը։





























