«Նաիրիտ» ՓԲԸ-ի լեհական բաժնետեր, Kulczyk Holding ընկերությունը բանակցություններ է վարել ձեռնարկության վիճակի շուրջ Հայաստանի էներգետիկայի նախարարությունում: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց ընկերության ներկայացուցիչ Միլան Սուբոտիչը, «Նաիրիտ»-ում բանակցությունները կընթանան վաղը:

«Մենք ներդրումների որոշակի առաջարկներ ենք ստացել էներգետիկայի նախարարության կողմից եւ պատրաստվում ենք վերլուծել դրանք»,- ասել է Սուբոտիչը: Այլ մանրամասներ նա չի հայտնել` պատճառաբանելով բանակցությունների գաղտնիությունը:

Նշենք, որ «Նաիրիտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է Rhinoville Property Limited ընկերությանը, որի մասնակիցներն են լեհական Sawex ընկերությունը (վերջինիս իրավահաջորդը Kulczyk Holding-ն է), ամերիկյան Intertex-ն ու ռուսական «Եվրոգազը»: Բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը:

«Նաիրիտ» քիմիական ձեռնարկությունը 2010 թվականը փակել է 25 մլրդ դրամ վնասով եւ 41,5 մլրդ դրամի վարկային պարտավորություններ ունի: Ձեռնարկությունը ոտքի կանգնեցնելու համար հարկավոր է 512 մլն դոլար: