Ուկրաինայում «սեւ տրանսպլանտոլոգների» սկանդալը սկսել է զարգանալ։ Ինչպես տեղեկացնում է «Պոդրոբնոստի»-ն, Կիեւի շրջանի Բոյարկա քաղաքի դիահերձարանում անօրինական տրանսպլանտացիայի դեպքեր են գրանցվել։ Դիահերձարանի աշխատակիցները մահացածներից օրգաններ են հանել, մասնավորապես աչքի եղջրաթաղանթը, չնայած հարազատներից նման իրավունք չեն ստացել։ Ոստիկանության տվյալներով Բոյարկայի դիահերձարանը միակը չէ, որ նման անօրինական գործողություններ է իրականացրել։
Տուժածներից մեկը՝ Ելենա Սավոստովան պատմել է, որ հոր դիակից եւս հեռացված է եղել եղջրաթաղանթը, սակայն իրենք չեն նկատել, որովհետեւ պաթոլոգաանատոմները վարպետորեն քողարկել են հեռացումը բամբակով, ինչից հետո փակել եւ կարել են կոպերը։ Այս քրեական գործով հետաքննությունն սկսվել է այս տարվա փետրվարից, սակայն միայն վերջերս է այն արձագանք ստացել, քանի որ երկու կասկածյալի մեղադրանք է առաջադրվել։ Գործում ներառված է մոտ 200 էպիզոդ։




























