Նորվեգական մամուլը հրապարակել է ահաբեկջության օջախ դարձած Ուտոյա կղզում գտնված մոր եւ դստեր բջջային հեռախոսով ուղարկած հաղորդագրությունները։ 16-ամյա Յուլիեն զանգահարել է տուն եւ հայտնել ծնողներին, որ Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի վրա է հարձակվել «ինչ-որ խելագար» եւ խնդրել է շտապ տեղեկացնել ոստիկանությանը։ Դրանից հետո Յուլիեն չի կարողացել ձայնային կապ հաստատել հեռախոսով, եւ սկսել է գրավոր հաղորդագրություններ ուղարկել։
Յուլիե. «Մամա՜, ոստիկաններին ասա, որ արագացնեն, այստեղ մարդի՜կ են կոտորվում»։
Մայրը. «Աշխատում եմ, Յուլիե՜, ոստիկանությունը ճանապարհին է։ Կարո՞ղ ես զանգահարել ինձ»։
Յուլիե. «Ոչ»։
Յուլիե. «Ասա՜ ոստիկաններին, որ այստեղ խելագար է շրջում ու կրակում է մարդկանց վրա»։
Յուլիե. «Թող արագացնե՜ն»։
Մայրը. «Ոստիկանությունը գիտի, եւ նրանք շատ հաղորդագրություններ են ստացել։ Ամեն ինչ լավ է, Յուլիե՜։ Ոստիկանները հիմա զանգահարում են մեզ։ Խնդրում եմ, ամեն 5 րոպեն մեկ տեղեկացրու, որ կենդանի ես»։
Յուլիե. «Ok»։
Յուլիե. «Մենք վախենում ենք»։
Մայրը. «Աղջի՜կս, ես քեզ հասկանում եմ։ Մնացեք թաքստոցում, տեղից չշարժվեք։ Ոստիկանությունն արդեն ճանապարհին է, եթե արդեն չի ժամանել։ Դուք վիրավորների կամ մահացածների տեսնո՞ւմ եք»։
Յուլիե. «Մենք թաքնվել ենք ափամերձ ժայռերում»։
Մայրը. «Լա՜վ է։ Պապիկին խնդրե՞մ գա քո հետեւից, երբ ամեն ինչ վերջացած լինի։ Կա՞ հնարավորություն»:
Յուլիե. «Այո»։
Մայրը. «Մենք հենց հիմա կկապվենք պապիկի հետ»։
Յուլիե. «Ես քեզ սիրում եմ, չնայած որ մենք երբեմն վիճում ենք : -*»։
Յուլիե. «Ես պանիկայի մեջ չեմ, բայց շատ եմ վախենում»։
Մայրը. «Գիտեմ, աղջիկս։ Մենք էլ քեզ ենք շատ սիրում։ Դուք դեռ լսո՞ւմ եք կրակոցների ձայնը»։
Յուլիե. «Ոչ»։
«Эхо планеты»-ն տեղեկացնում է, որ Յուլիեն ու մի քանի այլ դեռահասներ մոտ կես ժամ մահվան սպասումով թաքնվել են ափամերձ ժայռերում, մինչեւ նրանց փրկել է պատահական զբոսաշրջիկ՝ իր նավակով։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը երկակի ահաբեկչություն է իրականացրել, որոնց արդյունքում զոհվել է 76 մարդ։ Առաջին ահաբեկչության ժամանակ, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, կառավարական շենքերի հարեւանությամբ պայթյուն է որոտացել, իսկ դրանից հետո, Բրեյվիկը, ոստիկանի հագուստով ներթափանցել է Ուտոյա կղզու երիտասարդական ճամբար ու հրազենով իսկական սպանդ իրականացրել։




























