ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  (UNICEF)  հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին ավարտում է իր առաքելությունը, որի կապակցությամբ նրան այսօր` հուլիսի 28-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանը նշել է, որ  Լ. Մոշիրիի պաշտոնավարման ընթացքում մի շարք արդյունավետ ծրագրեր են իրականացվել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ  ուշադրություն է դարձնում երեխաների իրավունքների պաշտպանության հարցերին: Այս համատեքստում կողմերը կարեւորել են ինտեգրված սոցիալական ծառայությունների միասնական համակարգի ներդրումը, որը հնարավորություն կստեղծի բնագավառում առկա խնդիրներին առավել հասցեական եւ համակարգված լուծումներ տալ:

Հաշվի առնելով խնդիրների լուծման համար պահանջվող զգալի ֆինանսական ծավալներն ու կազմակերպչական աշխատանքը`  կողմերը կարեւորել են բնագավառի հասարակական կազմակերպություններին գործընթացին մասնակից դարձնելու հանգամանքը եւ  համատեղ ու նպատակային աշխատանքի իրականացումը:

Հասարակական կազմակերպությունների հետ ուղղորդված  աշխատանքների կազմակերպման հարցում Ա.Գեւորգյանը ակնկալել է նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությունը: Կարեւորվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների պիլոտային ծրագրի մեկնարկն  այս տարի աշնանն իրականացնելու հանգամանքը: 

Լ.Մոշիրին իր հերթին բարձր է գնահատել իր  պաշտոնավարման տարիներին ձեւավորված համագործակցությունը, շնորհակալություն հայտնել փոխշահավետ աջակցության համար` ավելացնելով, որ Հայասատանից հեռանում է լավագույն տպավորություններով: