Բարձր տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոնը կբացվի 2011 թ. հոկտեմբերին։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Սոֆյա Մուրադյանը։ Նրա խոսքով՝ կենտրոնը կգործի Երեւանի պետական համալսարանի տարածքում։
Ս. Մուրադյանի տեղեկացմամբ, կենտրոնի համար հնդկական կողմը հատկացրել է մոտ 800 հազ. դոլար արժողությամբ գրքեր, ծրագրեր ու սարքավորումներ։ Բացի այդ՝ 8 հայ մասնագետներ մեկնել են Հնդկաստան եւ համապատասխան դասընթացներ անցել։ Ընդհանուր առմամբ, հնդկական կողմը կենտրոնի համար տրամադրելու է մոտ 2 մլն դոլար։
Հայկական կողմը ծրագրին կմասնակցի հետեւյալ կերպ՝ պետբյուջեից գումարներ կհատկացվեն կենտրոնի շենքի վերանորոգման, ինչպես նաեւ՝ կենտրոնում դասավանդող դասախոսների վարձատրության համար։
«Կենտրոնում կանցկացվեն տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված տարբեր դասախոսություններ եւ գիտաժողովներ, որոնց կկարողանան մասնակցել թե՜ բուհերի ուսանողները , եւ թե՜ մասնագետները»,-ասաց Ս. Մուրադյանը։
Նշենք, որ կենտրոնում կգործի նաեւ Param գերհամակարգիչը։ Գերհամակարգիչը նախատեսված է համակարգիչների, համակարգչային տեխնիկայի եւ ծրագրային ապահովման հնարավորությունների մեծացման ոլորտներում հետազոտությունների անցկացման համար:
Նախագծի իրականացման գործընկերներն են հնդկական Բարդ համակարգչային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը (Centre for Development of Advanced Computing) եւ հայկական «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:




























