Հանրահավաքի ժամանակ մենք պետք է ներկայացնենք մեր այն կարմիր գծերը, որոնք շատ կարեւոր է, որ հանրությունը նույնպես համաձայնի: Այս մասին այսօր` ապրիլի 3-ին, իրազեկման ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Մարտիրոսյանը:
«Հանրահավաքը հնարավորություն է ընձեռնում, որ հանրությունը դուրս գա եւ իրենց չհամաձայնվելը, իրենց այդ ամենին մանդատ չտալը հայտնի, եւ ի վերջո այդ կեղծ խաղաղությունը, որը որ այդքան քարոզում է այս իշխանությունը փորձում է մատուցել, մենք բոլորս տեսնում ենք, որ իրականում շատ հեռու է խաղաղությունից: Ի վերջո, խաղաղությունը պարտադրված, սպառնալիքներով, շանտաժով մատուցված չի կարող լինել: Հանրահավաքի ժամանակ մենք պետք է ներկայացնենք մեր այն կարմիր գծերը, որոնք շատ կարեւոր է, որ հանրությունը նույնպես համաձայնի, իսկ կարմիր գծերը հետեւյալն են` օրինակ խաղաղության պայմանագիր կնքելուց առաջ արդյոք այս իշխանությունները նախապայման առաջ քաշել են, որ գերիների հարցն ամբողջապես պետք է լուծվի, արդյոք ներառված է այն նախապայմանը, որ ադրբեջանական ուժերը անհապաղ պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը եւ ի վերջո, արդյոք նշվում է որեւէ կերպ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»
,-ասաց պատգամավորը:
Ելենա Մարտիրոսյանը նշեց, որ դատելով արձագանքներից բավական մեծ հանրահավաք նախատեսվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը կոչ էր արել ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին, անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից մասնակցել «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքին:











