Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ հրավիրում ենք մեր քաղաքացիներին ներկա գտնվել եւ իրենց ներկայությամբ «ոչ» ասել այս իշխանությունների պարտվողական քաղաքականությանը, որը երկիրը տանում է դեպի անդունդ: Այս մասին ապրիլի 3-ին NEWS.am-ին ասել է խորհրդարանի փոխխոսնակ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Երեւանում կայանալիք հանրահավաքը:
«Մենք այսօր պետք է շատ հստակ արձանագրենք, որ ներկայիս իշխանությունները երկիրը նոր զիջումների տանելու ժողովրդական մանդատ չունեն: Մենք նաեւ հստակ կներկայացնենք մեր տեսլականը, քայլերը եւ գործողությունները»,- նշել է նա:
Ընդդիադիր գործիչը պատասխանել է նաեւ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ապրիլի 6-ին կայանալիք հանդիպման մասին հարցին:
«Մենք ոչ մի լավ բան չենք ակնկալում ներկայիս իշխանություններից, քանի որ նրանք շարունակում են վարել խաղաղության քաղաքականություն՝ հայրենիքից զրկվելու գնով: Մեր պայքարը հենց դրա դեմ է: Նա ժողովրդին խաղաղություն է խոստացել» հասել է իշխանության վերարտադրման, նրա քայլերի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ խաղաղությունը ձեռք է բերվելու հայրենիքի կորստի գնով, եւ նա հաճախ փորձում է այնպես ներկայացնել, որ ժողովրդից ստացած մանդատ ունի: Մեր առաջին գործողությունը հանրահավաքում կլինի այն բանի արձանագրումը, որ նա այդ մանդատը չունի, Արցախը երբեք եւ ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կարձանագրենք նաեւ այն, որ այս ժողովուրդն Արցախի հետ է, իսկ ամենակարեւորն այն է, որ այս իշխանություններին պետք է փոխել, նրանք պետք է հեռանան: Երկիրը ներկայացնող բանագնացին պետք է փոխել»,- ասել է Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ հանրահավաքի կազմակերպիչներն արդեն բավականին լայն արձագանք են ստացել ժողովրդից:
«Մարդիկ արդեն գիտակցում են, որ խաբված են, գիտակցում են, որ այս իշխանությունները երկիրը տանում են նոր պարտությունների եւ զիջումների: Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պետութուն ունենալ, պետականություն ունենալ եւ ապրել իրենց հայրենիքում որպես հայ, պետք է գան, միանան, որպեսզի համախմբված ուժերով երկիրը դուրս բերենք այս իրավիճակից»,- արձանագրել է նա:











