Նժարին մեր անկախության, Հայաստանի Հանրապետության գոյության հարցն է դրված: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը, ով գտնվում է Արցախում: 

«Պաշտպանելով Արցախը, պաշտպանում ենք Հայաստանը, քանի որ մեկը մյուսից չի կարելի տարանջատել, որովհետեւ Արցախը եւ մեր անվտանգությունն է եւ մեր արժանապատվությունը: Ես բոլորին խնդրում եմ, իսկապես եկեք ամսի 5-ին հավաքվենք, լինենք միասնական անկախ որեւէ հանգամանքից: Սա իսկապես քաղաքական հարց չէ: Ես կարող եմ ասել, որ արցախցու կամքը քարից էլ ամուր է եւ մենք պետք է այդ ամենից սնվենք, նաեւ մեր ուշադրությունը բերենք այստեղ»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ 1992 թվականի Գերագույն խորհրդի որոշումը անբեկանելի եւ անքննելի է, Արցախը միշտ լինելու է հայկական եւ չի լինելու Ադրբեջանի կազմում: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը կոչ էր արել ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին, անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից մասնակցել «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքին: