Արցախի խորհրդարանի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները վաղը հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ Այս մասին ապրիլի 4-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա պարզաբանեց, որ հայտարարությունը, որը կընդունվի վաղը, վերաբերում է Արցախում տիրող իրավիճակին։
Պատգամավորը մանրամասներ չհրապարակեց՝ հորդորելով սպասել հայտարարության ընդունմանը։
«Հայտարարությունը կընդունվի Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների անունից»,- ընդգծեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Արցախի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի խորհրդարանի արտահերթ նստաշրջան։





























