Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ ապրիլի 4-ին, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, հետաձգվեց «Ցորի» զորամասի 21 հրետանավորների մահվան գործով ամբաստանյալ Գեւորգ Գեւորգյանի խափանման միջոցի փոփոխման հարցով բողոքի քննությունը։ Դատական նիստը չկայացավ՝ պաշտպանական կողմի՝ դատարան չներկայանալու պատճառով։

Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով։ Ըստ մեղադրանքի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսեւորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Գեւորգ Գեւորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

21 հրետանավորների մահվան գործի անջատված մասը դատարանում է։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Գեւորգ Գեւորգյանի, նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ինչի դեմ պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

NEWS.am-ի հետ զրույցում գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ քրեական գործով հիմնավորված է Գեւորգյանի մեղքը. «Կարծում եմ՝ դատաքննությունը դա ավելի պարզ ցույց կտա։ Տուժող կողմն ունի նաեւ այլ դիրքորոշում, որ տվյալ դեպքի հետ կապված ոչ միայն Գեւորգ Գեւորգյանն է մեղավոր, այլ նաեւ այլ անձինք, որոնք հրետանավորներին բերել են առաջնագիծ։ Զեկուցվել է, որ մոտեցող խումբը յուրային է, ոչ թե թշնամի, եւ ընկել են շրջափակման մեջ»։

Զոհված զինծառայողի հարազատ Եղիշե Զաքունցը պատմեց՝ երբ հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը տեղի է ունեցել,  Գեւորգ Գեւորգյանն առաջինն է մարտի դաշտը թողել. «Մինչեւ տղաների վրա կրակելը Ջալալ Հարությունյանը հրաման է տվել՝ հարյուր տոկոս մերոնք են, արդյունքում 20 զինծառայող եւ մեկ հրետանու պետ անհայտ կորել են։ Հենց կրակոցները սկսել են եւ հասկացել են, որ դա դիվերսիա է, Գեւորգ Գեւորգյանը, լինելով շտաբի պետը, հենց ինքն է նստել մեքենան ու փախուստի դիմել 5 զինծառայողի հետ։  Ինքը պարտավոր էր ապահովել բոլոր զինծառայողների ապահով դուրս գալը կամ ղեկավարեր կռիվ տալը։ Ովքեր որ մեղավոր են, հետեւողական ենք լինելու, որ բոլորը պատժվեն, միայն Գեւորգ Գեւորգյանը չէ»։

Զոհված զինծառայող Դավիթ Ազատյանի մայրը՝ Քրիստինա Ազատյանը, պատմեց, որ որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 10-ին է խոսել, բարձր տրամադրություն ուներ, չէր իմացել, որ որդին առաջնագծում է.

«Հրամատարի սխալ հրամանի պատճառով կոնկրետ Գեւորգ Գեւորգյանը, որ հիմա դատվում է, իմ երեխան պետք ա իր մեքենայի մեջ լիներ։ Իրենք փախել են, իրեն չեն տարել։ Հրամանը եղել է, որ պիտի դիրքն ազատեն, Գեւորգյանն առանց սպասելու, առանց տեղեկացնելու փախել է, մի երեխա հետեւից վազել է, չի հասցրել»։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի դատական նիստերից, մայրը պատասխանեց. «Անկեղծ ասած ակնկալիքներ չունեմ, մենակ Աստծո դատաստանին կարժանանան»։