Կիեւի արվարձաններում տեղի ունեցած իրադարձություններից հետո գերմանացի քաղաքական գործիչները ակտիվորեն քննարկում են Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների վրա անհապաղ էմբարգոյի սահմանման հնարավորությունը, գրում է Deutsche Welle-ն։

Դաշնային կառավարությունը դեռեւս կարծում է, որ նման քայլ չպետք է ձեռնարկվի՝ մտավախություն ունենալով, որ տնտեսության եւ հասարակության համար հետեւանքներ կարող են լինել, հայտնում է dpa-ն։

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության  համանախագահ Լարս Քլինգբայլը սխալ է համարում գազի էմբարգոյի անհապաղ սահմանումը։ Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի խոսքով՝ երկրի իշխանություններն ամեն օր աշխատում են ռուսական նավթից, ածխից եւ գազից անկախանալու համար։ Գերմանիան, ըստ նրա, ժամանակին հիմնականում դադարեցրել է սեփական նավթի եւ գազի արդյունահանումը` հրաժարվելով այլ մատակարարներից, բացի Ռուսաստանից, ինչպես նաեւ «էներգակիրների ընդունման տերմինալներից» (հեղուկ գազի): «Հիմա մենք վերականգնում ենք այս ամենը եւ շրջվում այլ ուղղությամբ»,- ասել է Հաբեկը։

Իր հերթին Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հայտարարել է եվրոպացի գործընկերների հետ էմբարգոյի հարցը քննարկելու անհրաժեշտության մասին։ Քաղաքական գործիչը կոչ է արել ԵՄ երկրներին արագ արձագանքել Կիեւում տեղի ունեցածին՝ կոչ անելով հնարավորինս շուտ քննարկել Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները։ Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի ղեկավար Անտոն Հոֆրայթերը հանդես է եկել էմբարգոյի օգտին։

Բրյուսելյան Բրեյգելի վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝ ԵՄ երկրները ռուսական գազի համար օրական մոտ 380 մլն եվրո են վճարում, իսկ նավթի համար՝ մոտ 360 մլն եվրո։