Եվրամիությունը պետք է աշխատի Ռուսաստանի հետ տնտեսական բոլոր կապերը խզելու ուղղությամբ՝ Ուկրաինայում «հանցավոր» պատերազմի պատճառով։ Այս մասին ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, բայց նա կասկածի տակ է դրել ռուսական գազի ներմուծման անհապաղ էմբարգոյի հարցը, տեղեկացրել է Reuters-ը։

«Մենք գործ ունենք հանցավոր պատերազմի հետ»,- ասել է Լինդները։ «Հասկանալի է, որ մենք պետք է որքան հնարավոր է արագ դադարեցնենք բոլոր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ... Կարճաժամկետ հեռանկարում գազն այլ բանով չես փոխարինի»։

Նրա խոսքով՝ դիտարկվում են բոլոր տարբերակները, բայց Ռուսաստանից էներգակիրների ամբողջ ներմուծման համապարփակ արգելումը տնտեսական ավելի մեծ վնաս կհասցնի ԵՄ-ի անդամ պետություններին, քան Ռուսաստանին։ Ուստի, ԵՄ-ը պետք է առանձին քննարկի նավթի, ածխի կամ գազի արգելքի հնարավորությունը, որոնք կարող են փոխարինվել տարբեր արագությամբ։