Ֆինլանդիայի կառավարությունը մտադիր է ապրիլի կեսին երկրի խորհրդարան ներկայացնել ՆԱՏՕ-ին անդամակցության առաջարկ։
Ինչպես տեղեկացրել է Reuters-ը, երկիրը սկսել է ակտիվորեն զբաղվել դաշինքին անդամակցության հարցով ուկրաինական ճգնաժամի թեժացումից հետո։
Newsweek-ի տվյալներով՝ Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ին անդամակցության հանրային սատարումը մարտին կազմել է 60 տոկոս, ինչը 34 տոկոսով ավելի է, քան 2021թ.։ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ Ռուսաստանն «այն հարեւանը չէ, ինչպիսին մենք կարծում էինք», եւ «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն ու սպառնալիքները Ֆինլանդիայի հասցեին անշրջելիորեն փոխել են հարաբերությունները երկրների միջեւ»։
Չնայած Ֆինլանդիան այժմ ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց սերտ կապեր է պահպանում դաշինքի հետ։ Ֆիննական ռազմական ստորաբաժանումներն Աֆղանստանում եւ Կոսովոյում օգնում են ՆԱՏՕ-ի գործողություններին, դրանք մասնակցում են ՆԱՏՕ-ի ուժերի հետ զորավարժություններին եւ մտնում են ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմի մեջ։
Շվեդիայում (երկիր, որը չի պատերազմել 1814 թվականից) նույնպես սկսել են ավելի ակտիվորեն աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցությանը, բայց Շվեդիան այնպես արագ չի պատրաստվում անդամակցել դաշինքին, ինչպես Ֆինլանդիան, տեղեկացրել է Reuters-ը։





























